Skip to content

Աղբյուրների օգտագործման ուղեցույցը այն լրատվամիջոցների համար է, որոնք ցանկանում են իրենց լրատվական գործունեության հիմքում դնել ճշգրտությունը և անկողմնակալությունը՝ զերծ մնալով որեւէ քաղաքական-հասարակական կամ անհատի շահերին ծառայելուց։ Ուղեցույցը հիմնվում է Հայաստանի լրատվամիջոցների և լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագրքի և լրագրողական մի շարք հեղինակավոր կազմակերպությունների աշխատանքային կանոնակարգերի վրա։  

Այսօր համացանցի շնորհիվ տեղեկատվական հոսքն անասելի մեծ ծավալների է հասնում, բոլոր աղբյուրները չէ, որ հավաստի են, օգտակար կամ ճշգրիտ։ Աղբյուրների գնահատումը առաջին քայլն է՝ տեղեկատվական նյութի հավաստիության ապահովման ճանապարհին։ Լրագրողի կարևորագույն խնդիրն է դառնում ոչ միայն տեղեկատվության որոնումը, այլ նաև հավաստի աղբյուրները ճանաչելը և տարբեր աղբյուրների համադրմամբ տեղեկատվության խաչաձև ստուգումը, հատկապես երբ խոսքը վերաբերում է համացանցից ստացած լուրին։ Լրատվամիջոցը պարտավոր է մինչև հրապարակումը ստուգել աղբյուրից ստացած տեղեկությունների հավաստիությունը, չկոծկել եւ չխեղաթյուրել փաստերը, չհրապարակել ակնհայտ կեղծ տեղեկություններ։ 

1.1. Խմբագրությունն ու լրագրողը պարտավոր են մինչև հրապարակումը ստուգել աղբյուրից ստացած տեղեկություն, չկոծկել եւ չխեղաթյուրել փաստերը, չհրապարակել ակնհայտ կեղծ տեղեկություններ։ 

1.2. Հստակորեն ու լսարանի համար հասկանալի վկայակոչել այն դեպքերը, երբ խմբագրությունը, ստանալով հանրային նշանակության տեղեկություններ, օգտագործել է բոլոր հնարավոր ողջամիտ միջոցները, սակայն չի կարողացել ճշտել փաստերը։  

1.3. Հստակ սահմանազատել փաստերի եւ տեղեկությունների շարադրանքը՝ կարծիքներից, վերլուծություններից եւ մեկնաբանություններից։ 

1.4. Չաղավաղել լուսանկարային կամ տեսագրված նյութի բովանդակությունը,  լուսանկարներում եւ տեսանյութերում տեխնիկական հնարքներ կիրառելու եւ միջամտությունների դեպքում անպայման նշել այդ մասին: 

2.1. Լրատվության նկատմամբ վստահության հիմքը սկզբնաղբյուրների ներկայացման թափանցիկությունն է և դրանց ստուգելիությունը։

2.2. Տվյալ լրատվամիջոցի լրագրողը կամ ձայնագրիչը, տեսախցիկը, ընդհանուր առմամբ, լավագույն աղբյուրն են, երբ լրատվամիջոցը իրադարձության ականատեսն է։ 

2.3. Հնարավորության դեպքում լրատվամիջոցը պետք է միշտ օգտագործի անվանված աղբյուրներ և խուսափի անանուն աղբյուրից, քանի որ աղբյուրները պատասխանատու են իրենց տրամադրած տեղեկատվության համար։ Նույնիսկ երբ կա որոշակի վտանգ աղբյուրի համար, լրատվամիջոցը պետք է անի հնարավորը, աղբյուրի հավանությունն ստանալու և այն անվանումով ներկայացնելու նպատակով՝ այդ թվում առաջարկելով աղբյուրի համար հնարավոր պաշտպանության մեխանիզմներ, եթե, այնուամենայնիվ, օգտագործվում է անանուն աղբյուր։ Անանուն աղբյուրների օգտագործումը թույլատրելի է, երբ նրանք տրամադրում են հանրային հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվություն, որը հասանելի չէ որևէ այլ տարբերակով։ Նման տեղեկատվության հրապարակման ողջ պատասխանատվությունն ընկնում է լրատվամիջոցի վրա։ Անանուն աղբյուրներից ստացված տեղեկատվությունը գնահատելիս լրատվամիջոցը պետք է կշռադատի աղբյուրի հեղինակությունը, շարժառիթները, նախկինում նրա հրապարակային վարքը, խոսքերը և լրատվամիջոցի հետ հարաբերությունների նախապատմությունը: Լրատվամիջոցը պետք է ունենա անանուն աղբյուրների հետ աշխատանքի հստակ քաղաքականություն, որը պետք է ներառի նաև աղբյուրների գաղտնիության պաշտպանության մեխանիզմներ։

2.4. Աղբյուրների հետ պետք է հստակ համաձայնեցրել իրենց տրամադրած տեղեկատվության հրապարակման պայմանները։ Լրատվամիջոցը պետք է պահպանի զրույցի ձայնագրությունը, տեսագրությունը, աղբյուրի տրամադրած փաստաթղթերը, ինչպես նաև լրագրողի նշումները։  

2.5. Անվանված աղբյուրը պատասխանատու է իր խոսքերի համար, սակայն լրատվամիջոցը պատասխանատու է ընդհանուր հրապարակման ճշգրտության, օբյեկտիվության, հավասարակշռվածության համար։ Այդ իսկ պատճառով, լրատվամիջոցը հնարավորության դեպքում պետք է բոլոր հնարավոր միջոցներով ստուգի աղբյուրի տրամադրած տեղեկատվությունը, աշխատի միշտ ունենալ երկու կամ ավելի աղբյուրներ։ 

2.3. Չի կարելի լսարանին միտումնավոր մոլորության մեջ գցել աղբյուրների հարցում՝ մեջբերել աղբյուրի խոսքերի մասին սեփական ենթադրությունները, առանց հավելյալ ճշտումների, ներկայացնել այդ ենթադրությունները որպես ենթատեքստ, կամ մեջբերել աղբյուրներ հոգնակի թվով, երբ հիմնվել են ընդամենը մեկ աղբյուրի վրա։ Անհրաժեշտ է աղբյուրի վերաբերյալ տալ որքան հնարավոր է շատ ենթատեքստ և մանրամասներ, անկախ այն բանից, խոսքը անվանված, թե անանուն աղբյուրի մասին է։ Շատ դեպքերում անհրաժեշտ է նաև նշել այն, թե ինչ չգիտենք աղբյուրի մասին։

3.1. Լրատվամիջոցը պարտավոր է ներկայացնել իր դիրքավորումը աղբյուրի նկատմամբ, եթե այն չեզոք չէ։ Մասնավորապես, լրատվամիջոցը պետք է բացահայտի իր շահագրգիռ դիրքորոշումը, եթե, օրինակ, հրապարակում է հարցազրույց իր սեփականատիրոջ, գովազդատու հետ, և կամ ունի մրցակցային ինչ-ինչ շահագրգվածություններ։ 

4.1. Լսարանն իրավունք ունի ենթադրել, որ նյութում արտացոլվող փաստերը, օգտագործված լուսանկարները, կադրերը, ցիտատները հրապարակվում են դեպքի վայրից, և այն ամսաթվին, երբ տվյալ նյութը հրապարակվել է։ Այդ իսկ պատճառով, լրատվամիջոցները պետք է հստակորեն նշեն, երբ օգտագործվել են արխիվային նյութեր կամ նյութեր այլ աղբյուրներից՝ համապատասխան հղումներով, ինչը թույլ կտա ստուգել և իդենտիֆիկացնել իրական աղբյուրը։ 

4.2. Լրատվամիջոցները պետք է ձգտեն սեփական նյութերում օգտագործել միայն այն բովանդակությունը՝ այդ թվում տեսա-լուսանկարահանումները, որոնք իրականացրել են իրենց միջոցներով։ 

4.3. Լրագրողները, օպերատորները, լուսանկարիչները և այլ աշխատակիցները, ինչպես նաև անկախ մասնագետները, ովքեր իրենց ներդրումն են ունեցել նյութի պատրաստման մեջ, պետք է հիշատակվեն նյութի հեղինակներին վերաբերող հատվածում։ Անչափ կարևոր է, մասնավորապես, հրապարկել նրանց անունը և գտնվելու վայրը։

Ճշգրտությունն առաջնային է մեր կողմից ամսաթվերի և ենթագծերի օգտագործման մեջ: Ընթերցողները

5.1. Մեջբերումները պետք է վերարտադրվեն առավելագույն ճշգրտությամբ։ Թույլատրելի է ընդամենը խմբագրական փոփոխություններ կատարել՝ ջնջել, մոնտաժել ավելորդ բառը, կրկնվող արտահայտությունը, բայց միայն այն դեպքում, երբ դրանից մեջբերման ընդհանուր իմաստը, ենթատեքստը որևէ կերպ չեն փոխվում։ 

5.2. Տեքստային մեջբերումների ժամանակ անհրաժեշտ է փոխանցել խոսողի ժեստերի լեզուն, եթե դա ազդում է ասվածի ընկալման վրա (ժպիտը, քմծիծաղը, աչքով անելը)։ 

5.3. Լրատվամիջոցը պետք է խուսափի բեմադրված լուսանկարներից, տեսանկարահանումներից, իրականությունը փոփոխող ֆիլտրերի կիրառումից, իսկ տեքստային մեջբերումների դեպքում՝ աղբյուրի խոսքը մաքրելու և գեղեցկացնելու փորձերից։ Փոխարեն կարելի է հրաժարվել մեջբերումից և ուղղակի վերաձևակերպել միտքը սեփական բառերով։ 

6.1. Հրապարակվող բովանդակությունը՝ տեքստը, լուսանկարները, տեսանյութերը, պետք է արտացոլեն իրականությունը և միշտ ներկայացվեն համապատասխան ենթատեքստում։ Անթույլատրելի է նյութը «գայթակղիչ» դարձնելու համար դիմել մանիպուլյացիաների, սենսացիոնալիցաման կամ մոլորեցնել՝ հարկադրելով լսարանին սխալ և վնասակար ենթադրություններ անել։ 

6.2. Տեքստային հրապարակումներում ինչպես նաև լրագրողական տեքստում պետք է նվազագույնի հասցնել ածականները, որոնք կարող են սուբյեկտիվության տարրեր հաղորդել և աղճատել իրականությունը։  

6.3. Վիզուալ լրագրության պարագայում էլ չպետք է ձեռնարկվեն այնպիսի գործողություններ, որոնք ավելացնում կամ նվազեցնում են պատկերների համապատասխանությունը իրականությանը, մասնավորապես՝ պատկերների, կադրերի մշակման և խմբագրման ճանապարհով։

7.1. Լրագրողները պարտավոր են ճշգրիտ կերպով վերարտադրել իրականությունը, սակայն բռնությունների, վառ, արյունոտ տեսարանների և անպարկեշտ բովանդակությանը հրապարակումը կարող է վնասել շահագրգիռ անձանց արժանապատվությունը, անհանգստություն և հոգեկան տառապանք պատճառել։ Նմանատիպ բովանդակության հրապարակման համար լրատվամիջոցը պետք է ծանրակշիռ փաստարկներ ունենա և դրանք ներկայացնի լսարանին։ Բացի այդ, լրատվամիջոցը պարտավոր է նախապես զգուշացնել լսարանին այնպիսի ձևաչափով, որը թույլ կտա խուսափել նմանօրինակ անցանկալի բովանդակությունից։

8.1. Լրատվամիջոցը պետք է որոշակի, ողջամիտ ժամանակահատվածում պահպանի առաջին ձեռքից ստացված նյութերի արխիվն իր անփոփոխ վիճակով՝ լրագրողի գրառումներ, լուսանկարների ֆայլերն իրենց նախնական EXIF տվյալներով, հում տեսանկարված նյութեր։ 

8.2. Լրատվամիջոցը պետք է ապահովի արխիվային նյութերի ամբողջականությունը, հասանելիությունը խմբագրության համար և պաշտպանվածությունը, մասնավորապես՝ բոլոր տվյալների հուսալի գաղտնագրման և մի քանի կրկնօրինակների առկայության ճանապարհով։ 

Սույն ուղեցույցը մշակելու համար հիմք են հանդիսացել Հայաստանի լրատվամիջոցների և լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագիրըi, The Associated Press-ի «Guide to News Writing» ձեռնարկի 3rd վերահրապարակումըii, BBC-ի խմբագրական ուղեցույցներըiii, Reuters գործակալության «Չափանիշները և արժեքներըiv»։