ITP Հայաստան․2-րդ խումբ
(պատասխանատու Կարինե Ասատրյան)
Հարգելի շրջանավարտ, եթե դու կարդում ես այս ուղեցույցը, նշանակում է՝ արդեն հաղթահարել ես ուսումնառության չորս տարիները, հանձնել ավարտական քննությունները , եւ պատրաստվում ես դառնալ ամենահետաքրքիր եւ բազմագույն՝ լրագրողական համայնքի անդամ։
Իհարկե, դու գիտես՝ որն է լրագրողի կարեւորագույն առաքելությունը՝ հիմնված ժամանակի ընթացքում փորձություն անցած սկզբունքների վրա, որոնք եւ կօգնեն քեզ «չսայթաքել» պատասխանատու եւ դժվար այս աշխատանքում։ Մի մոռացիր, ինչպես դու ես հետեւելու հանրությանը, այնպես հանրությունը՝ քեզ։
Հիշիր, լրագրողի առաքելությունն է՝
-Բացահայտել իրողությունը եւ ներկայացնել հանրությանը․
– Չվնասել, գոնե նվազագույնի հասցնել վնասը․
-Գործել ազատ․ թող քեզ կաշկանդեն միայն էթիկայի սկզբունքները․
– Լինել հաշվետու։
Ուսումնառության տարիներին դու ծանոթացել ես լրագրողական էթիկայի սկզբունքներին, իրական կյանքում արդեն իսկ հայտնաբերել, որ հաճախ այն միայն թղթի վրա է։ Որեւէ մեկը չի ժխտի, որ կյանքում նվազագույնը մեկ անգամ եղել է իրավիճակ, որ խախտել է էթիկայի կանոնագիրը։
Բայց պրոֆեսիոնալն անում է ամեն ինչ, որ չկրկնվի այդ իրավիճակը եւ ջանքեր է գործադրում մասնագիտական էթիկայի կանոնները չխախտելու համար։
Էթիկա բառն ունի հունական ծագում, նշանակում է վարք։ Լրագրողական էթիկա ասելով հասկանում ենք ոչ միայն առօրյա վարքը, այլ վարքի այն նորմերը, որոնց պիտի հետեւի համայնքի ներկայացուցիչը։
Մենք առաջարկում ենք ծանոթանալ մեր մշակած՝ Լրագրողական էթիկայի կանոնագրին, որի հիմքում չորս սկզբունք է՝
1. Ազնվություն
2.Անաչառություն
3. Գաղտնիություն
4.Կարողություն
Սիրելի շրջանավարտ, ընդունելով ի գիտություն այս կանոնագիրը, դու ոչ միայն պարտավորվում ես հետեւել լրագրողական էթիկայի սկզբունքներին, այլեւ պաշտպանում ես ինքդ քեզ՝ ի սկզբանե իմանալով՝ որ դեպքում միայն կարող է կաշկանդվել քո մասնագիտական գործունեությունը։
Ձեւանմուշ
Ես` (անուն, ազգանուն)- ս, — ( բուհ, ֆալուկտետ,ուս․ տարվա ) շրջանավարտս,
ստորագրելով՝ Լրագրողական էթիկայի սկզբունքների կանոնագիրը, ընդունում եմ ի գիտություն, որ
- Լրագրողը ազնիվ է, ճշմարտախոս, արդարամիտ, ունի տեղեկատվություն հավաքելու եւ հրապարակելու խիզախություն եւ անկախություն։
- Լրագրողը գիտի իր իրավունքները եւ պարտականությունները՝ ազգային եւ միջազգային օրենսդրությամբ սահմանված։
- Լրագրողը խստորեն տարանջատում է լրատվությունը մեկնաբանություններից. լրատվական նյութերում չի ներառում սեփական դատողություններն ու զգացողությունները․
- Լրագրողը ձգտում է ապահովել նյութերի ճշգրտությունն ու բազմակողմանիությունը՝ տեղեկատվությունը մի քանի աղբյուրից ճշտելով։ Անձը կամ կազմակերպությունը, որի մասին նյութում բացասական կարծիք կամ մեղադրանք է հնչեցվում, հնարավորություն ունի պատասխան ներկայացնելու, եթե այդ տեսակետները չեն պարունակում որեւէ մեկի հասցեին անձնական վիրավորանք կամ զրպարտություն:
- Լրագրողը իր նյութերում չի վիրավորում, որակումներ տալիս կամ պիտակավորում։
- Լրագրողը հնարավորինս ստուգում է աղբյուրների հուսալիությունը, տեղեկատվության ճշգրտությունը՝ խեղաթյուրումներից խուսափելու համար։ Դիտավորյալ խեղաթյուրումը անթույլատրելի է:
- Լրագրողը հարգում է զրուցակիցների խնդրանքը՝ չհրապարակել իրենց անունը, տեղեկատվության աղբյուրը կամ մասնավոր զրույցում իրենց հայտնած տեղեկությունը: Բայց միշտ կասկածի տակ է դնում աղբյուրների՝ տեղեկատվություն տրամադրելու շարժառիթները՝ նախքան անանունություն խոստանալը: Լրագրողը պահում է խոստումները։
- Լրագրողը ուշադիր է լուսանկարներ, վերնագրեր, ենթավերնագրեր դնելուց, որպեսզի դրանք բխեն նյութի բովանդակությունից։ Մոնտաժը եւ ֆոտոշոփը ընդունելի են միայն պատկերի կամ լուսանկարի որակի լավացման նպատակով։
- Լրագրողը չի «բեմադրում» իրադարձությունները կամ ներկայացնում ապատեղեկատվություն՝ հանուն շահի։ Լրագրողն առաջնորդվում է միայն հանրության՝ տեղեկատվություն ստանալու իրավունքի շահով։
- Լրագրողը պատմում է իրականությունը, լուսաբանում նաեւ թեմաներ, ներկայացնում այնպիսի պատմություններ, որոնք տվյալ պահին գուցեեւ մեծ դիտելիություն չունեն։
- Լրագրողը խոսափող է տրամադրում հանրության բոլոր շերտերին, քաղաքական, հասարակական տարբեր խմբերի՝ իրենց տեսակետը ներկայացնելու համար, բացառություն համարելով ատելության խոսքը, բռնության եւ ռասիստական կոչերը։
- Լրագրողը հարգանք է դրսեւորում իր զրուցակիցների նկատմամբ՝ անկախ նրանց կարգավիճակից եւ հասարակական դիրքից։ Առավել ուշադիր եւ նրբանկատ է երեխաների, խոցելի խմբերի ներկայացուցիչների,արտակարգ պատահարներից տուժածների մասին հրապարակումներ անելիս։
- Լրագրողը խուսափում է կարծրատիպերից՝ ըստ ռասայի, սեռի, տարիքի, կրոնի, էթնիկական պատկանելության, սեռական կողմնորոշման, հաշմանդամություն, ֆիզիկական տեսքի կամ սոցիալական կարգավիճակի:
- Լրագրողը չի մոռանում, որ տեղեկություններ հավաքելը եւ ներկայացնելը կարող է վնաս կամ անհանգստություն պատճառել:
- Լրագրողը հատկապես զգույշ է սեռական հանցագործությունների զոհերի, անչափահաս կասկածյալների կամ զոհերի վերաբերյալ հրապարակումներ անելիս։ Նա չի մոռանում անմեղության կանխավարկածի մասին, երբ ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
- Լրագրողը չի հրապարակում մասնավոր կյանքի մասին տեղեկություններ, եթե դրանք չեն առնչվում պաշտոնյաների եկամուտների եւ կոռուպցիոն երեւույթների հետ:
- Լրագրողը խուսափում է տեղեկություններ հավաքելու գաղտնի կամ անընդունելի մեթոդներից, բացառությամբ այն դեպքերի, երբ բաց եղանակով անհնար է հայթայթել հանրության համար կենսական նշանակություն ունեցող տեղեկատվությունը։
- Լրագրողը գրագողություն չի անում։ Այլ լրատվամիջոցների լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս պահպանում է Հեղինակային եւ հարակից իրավունքների մասին օրենսդրական պահանջը։
- Լրագրողը պատրաստ է սովորել բուհն ավարտելուց հետո նույնպես․նա հասկանում է, որ պետք է անընդհատ ձեռք բերել նոր գիտելիքներ եւ հմտություններ։
- Լրագրողը չի ընդունում նվերներ, վճարներ տարբեր անհատներից եւ կազմակերպություններից, նույնիսկ եթե դրա դիմաց խոստանում են տեղեկատվության տրամադրում։
- Լրագրողը քննադատաբար է վերաբերում ինքն իրեն, իր դավանած արժեքներին եւ խուսափում է սեփական տեսակետներն ու արժեքները ուրիշներին պարտադրելուց։ Նա վիճաբանության մեջ չի մտնում զրուցակիցների հետ սեփական տեսակետը մեծամտաբար առաջ տանելու համար։
- Լրագրողն էլ կարող է սխալվել, բայց պետք է պատրաստ լինի ընդունել սխալը, հրապարակային ներողություն խնդրել եւ ներկայացնել իրականությունը։
- Լրագրողը սոցիալական ցանցերում հնարավորինս փորձում է հանդես չգալ այնպիսի գրառումներով, որոնք կարող են ընկալվել որպես կողմնակալության եւ նախապատվության դրսեւորում։
- Լրագրողը խուսափում է սոցցանցերում լրատվամիջոցի ներքին հարցերը, խոհանոցը՝ նյութի բովանդակությունից մինչեւ աշխատավարձի չափը քննարկելուց։
- Լրագրողը ի գիտություն է ընդունում Սոցիալական ցանցերում խմբագրությունների աշխատակիցների վարքի կանոնների վերաբերյալ ՈՒՂԵՑՈՒՅՑ-ը․ որն ընդունվել է ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի 2015 թվականի հուլիսի 23-ի նիստում։ Հետեւում է Էթիկայի այն կանոնագրին, որը պարտադիր է տվյալ լրատվամիջոցի համար։ Հետամուտ է, որ կանոնագրի սկզբունքները պահպանեն նույն լրատվամիջոցի իր գործընկերները։